«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»

«Ժամանակակից դրամատուրգիա  հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա»
25.01.2013 | 14:09

Հայաստանում անցկացվելու է թատերգության մրցույթ:
«Լևոն Շանթ» խորագիրը կրող մրցույթը կազմակերպում է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:
Մրցույթին կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և սփյուռքից: Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ` առանց ժանրային սահմանափակման, արևելահայերենով և արևմտահայերենով:
Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին մրցանակի արժանացած պիեսը կբեմադրվի Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ: Կլինեն նաև դրամական պարգևներ: Մրցանակային առաջին տեղի համար նախատեսված է 1000000 դրամ, 2-րդի համար` 800000 դրամ, և 600000 դրամ` 3-րդի համար: Սահմանված են նաև երկու խրախուսական պարգևներ` 200000-ական դրամ:
«Լևոն Շանթ» մրցույթը նպատակ ունի խթանելու ժամանակակից հայ թատերգության զարգացումը, բացահայտելու այս ժանրում ստեղծագործող նոր անուններ, աջակցելու նոր պիեսների բեմադրությանը: Աշխատանքները ժյուրիին ներկայացվում են ծածկագրով, փակ ծրարների մեջ` հավանաբար խուսափելու համար «անունների» ընտրությունից:
Մերօրյա դրամատուրգների աշխատանքները հիմնականում մնում են դարակներում, լավագույն դեպքում տպագիր վիճակում են հասնում թատերասերներին: Դժգոհությունները երկուստեք են: Բեմադրիչները դժգոհում են նոր և լավ դրամատուրգիայի պակասից, իսկ դրամատուրգների վկայությամբ` անտեսվում են այն գործերը, որոնք իսկապես արժանի են ուշադրության:
«Նման մրցույթները կարող են ոգևորել, խթանել նոր դրամատուրգիական գործերի ստեղծմանը, բայց պետք է նախ թատրոն-դրամատուրգ կապ ստեղծվի և ամրապնդվի: Նախկինում պիեսը գրվում էր հենց թատրոնի համար: Օրինակ, Շեքսպիրը գրում էր թատրոնում, իր դերասանների համար, ինքը նույնպես խաղում էր: Oստրովսկին ամենահայտնի ռուս դրամատուրգներից է, գրել է թատրոնում, Չեխովը գրում էր ու գիտեր, որ բեմադրվելու է»,- մեզ հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի դերասան, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Նրա խոսքով` պիեսը դիմանում է ժամանակի մարտահրավերներին, եթե ծնվում է թատրոնում:
Մերօրյա ամենաբեմադրված դրամատուրգներն են Կարինե Խոդիկյանն ու Գուրգեն Խանջյանը: Նրանք անգամ պատվերով են գրում, ինչը Կարեն Խաչատրյանը համարում է գովելի: «Պիես պատվիրելը հին ավանդույթ ունեցող երևույթ է, մանավանդ ռուսական թատրոնում հիմնականում պատվերով է գրվել, և գրվել է կոնկրետ դերասանի համար»,- ասաց նա:
Չժխտելով, որ կան նոր, հետաքրքիր անուններ, զրուցակիցս, այնուամենայնիվ, ասաց, որ ինքը նոր պիես է փնտրում, բայց ժամանակակից դրամատուրգիա հասկացության մեջ ոգևորող ոչինչ չկա, ինչ-որ բան կիսատ է, ինչ-որ բան այն չէ: Իսկ բեմադրությունը ոգևորության և ներշնչանքի արդյունք պետք է լինի: Իրենք էլ ձեռքները ծալած չեն նստում:
«ՈՒզում էի բեմադրել Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը: Բայց այդ գործը մոնո ներկայացման լավ նյութ է, ոչ թե բազմաթիվ կերպարներով ստեղծագործություն: Ես մոնո չէի ուզում»,- ասաց նա:
Հավելենք, որ արտասահմանյան ժամանակակից դրամատուրգներին, վիպասաններին մեր բեմադրիչներն անդրադառնում են: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ Կարեն Խաչատրյանի, մերոնք սովորական, պարզ երկխոսություն գրել դժվարանում են:
«Վատ օրինակ գուցե բերեմ,- ասաց նա:- Սերիալների հանդեպ մեծ ոգևորություն չունեմ (չնայած ինքս խաղացել եմ), բայց նկատել եմ, որ սերիալում երկխոսությունը ներգործում է, կա էմոցիոնալ լարվածություն, կերպար, հարաբերություն, որը չկա պիեսների մեջ: Մեր դրամատուրգները շատ խելոք են գրում, ասենք, սիրո տեսարան է, տղան և աղջիկը խոսում են այնպիսի բառերով, որ այսօրվա երիտասարդը երբեք չի գործածի, շատ պոետիկ են խոսում»:
Դառնանք հին, բարի ներկայացումներին, որոնք բեմից չեն իջնում առայսօր: Զրուցակիցս լավ բան չի տեսնում նաև սրանում. եթե անընդհատ արխիվով ես զբաղված, նշանակում է` չունես նոր արտադրանք, այսպես ասած` օգտակար գործողության գործակից: «Լավ է այսօր վատ անելը, թերի անելը, այդ թերիի վրա աշխատելը: Գուցե դրամատուրգն էլ պրոցեսի մեջ մտնի, և երկրորդը, երրորդը արդեն լավ ստացվեն»,- հույս հայտնեց դերասանը, որն ապագայում ուզում է լրջորեն զբաղվել իր հիմնական մասնագիտությամբ` ռեժիսուրայով:
Հարկ է նկատել, որ գրողը նույնպես կարող է չվստահել իր գործը այս կամ այն բեմադրիչին: Չբացառելով այդ տեսակետը, զրուցակիցս նշեց, որ «Դրամատուրգիա» հանդեսում ժամանակակից դրամատուրգների պիեսներ են տպագրվում, թատրոններում դրանք անվճար բաժանվում են, բեմադրիչների ձեռքի տակ կան, բայց չեն բեմադրվում: «Պետք է հանդիպումներ կազմակերպել և բարձրացնել այս հարցերը»,- կարծիք հայտնեց նա, հավելելով, որ որոշ դրամատուրգներ յուրատեսակ մոտեցում են պահանջում: Պիես կա, որ բեմադրվելու համար չէ, այլ կարդալու:


ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ պատմվածքների, վիպակների, դրամաների հեղինակ է:
«Ինչո՞ւ չեն բեմադրվում մերօրյա գրողների գործերը» հարցին նա ունի իր պատասխանը:
«Իմ տպավորությամբ` բեմադրիչները հասարակության չկարդացող խավի մեջ են, նրանք վատ գիտեն ժամանակակից գրականությունը, աշխատում են լայն սպառման շուկայի համար»,- ասաց նա, կարծիք հայտնելով, որ ժամանակակից հեղինակներն ապրում են բեմադրիչների կողքին, և կարելի է համատեղ աշխատանքով լավ գործը հարմարեցնել թատրոնի կամ բեմադրիչի պահանջներին:
Անդրադառնալով մեր` «Գուցե հասարակական պահանջարկի՞ խնդիր կա, այդ դեպքում որո՞նք են պահանջարկ ունեցող գործերը» հարցին` ասաց, որ չկա այդպիսի խնդիր: «Պահանջարկի հետ հաշվի նստել նշանակում է գրել ուրիշի ճաշակով ու ցանկությամբ: Գրելիս ես հաշվի եմ նստում միայն իմ ճաշակի և իմ հնարավորությունների հետ: Պիտի ընթերցողին բարձրացնես դեպի քեզ, ոչ թե ինքդ իջնես դեպի ընթերցողը. սա ստեղծագործողի ոսկե կանոններից է, որ գիտեն բոլորը»,- ասաց Ս. Հարությունյանը:
Հետաքրքրվեցի, արդյո՞ք իր գործերն ուշադրության արժանացել են թատերական շրջանակներում, կամ փորձե՞լ է ինքն առաջարկել:
«Շատ կիսատ պիեսներ ունեմ, որոնք չեմ ավարտել հենց այդ պատճառով, որ անիմաստ է, չեն բեմադրվի,- ասաց գրողը:- Ժամանակակից թատրոնը փակ շրջան է` իրենք գրում են, իրենք բեմադրում, իրենք խաղում: Հրատարակած երկու պիես ունեմ, որոնցից «Ներդաշնակությունը» թարգմանվել և բեմադրվել է Պարսկաստանում, նույն պիեսը երկու-երեք տարի առաջ բեմադրել էր թատերականի մի ուսանող Ղազանչյանի ավարտական կուրսից: Հրատարակելուց հետո երկու պիեսն էլ հանձնել եմ մեկ-երկու թատրոնի և առանձնապես արձագանք չեմ ստացել»: Ինչ վերաբերում է մրցույթներին, զրուցակիցս ասաց, որ անկախ արդյունքից` միշտ էլ հաճույքով է մասնակցում, դրանք որոշակի աշխուժություն են մտցնում, սեփական գործը պրոպագանդելու միջոց են և հնարավորություն են տալիս տեղդ ճշտելու ժամանակակից գրականության մեջ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ